Օգոստոսի 25-ին Կարապի լճի տարածքում մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը, որն առանձնակի նշանակություն է տալիս խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ քարոզող ֆիլմերին՝ դատապարտելով պատերազմը, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը մյուս ֆիլմերի փառատոներից տարբերվում է նրանով, որ այստեղ ժյուրին շեշտը դնում է ոչ թե մասնագիտական մասի վրա՝ օպերատորական աշխատանք, ռեժիսուրա և այլն, այլ ֆիլմերի հոգևոր ուղերձների: Հենց դրանով էլ կողմնորոշվում է՝ լավագույն ուղերձ՝ հույս, հավատ, սեր, խաղաղություն, մեր օրերի հերոսը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փառատոնի գեղարվեստական տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ֆրեսկոյի» այս տարվա ֆիլմացանկում ներառված է 42 կինոժապավեն 25 երկրից: Ֆիլմերից 28-ը մրցութային ծրագրում են, 14-ը՝ արտամրցութային: Փառատոնում այս տարի կներկայացվի հայկական 8 ֆիլմ:
Առաջին անգամ փառատոնն ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ մտավորական, կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը:
Ի դեպ, այս տարի փառատոնը կշնորհի «Արա Վահունու անվան համամարդկային ուղերձ» հատուկ մրցանակ:
Աննա Կարապետյանը կարծում է, որ յուրաքանչյուր կինոսեր փառատոնում կգտնի իր ֆիլմը: Նա առաջարկում է բաց չթողնել հատկապես «Մարիամ»-ը, որը մի քանի երկրների համատեղ արտադրություն է․ «Մարդասիրության յուրօրինակ քարոզ է՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից՝ մարդը պետք է դիմացինի մեջ մարդ տեսնի»:
«Ֆրեսկոն» մի տեսակ հոսանքին հակառակ ընթանալու, ամբողջ այս ժամանակահատվածին հակառակ ճանապարհը որդեգրելու նախաձեռնություն է: Դժվար է այսօրվա մեր իրականության մեջ մարդկանց փորձել այս ճանապարհով պատգամ հղել: Այդուհանդերձ, որքան դժվար է, այնքան էլ դյուրին է, որովհետև մարդիկ ակնկալիք ունեն՝ գիտակցությամբ, ենթագիտակցությամբ, անգիտակցությամբ: Քարոզի, պատգամի սպասելիք ունեն, ամեն մարդ ինքն իր հետ ազնվանալու կարիք ունի նաև, ինքն իրեն ճանաչելու, իր կյանքն ուրիշների կյանքի հետ համադրության մեջ տեսնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց փառատոնի հոգևոր պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Սրբազանի համար այս փառատոնը կարևոր է նաև այն իմաստով, որ զուտ ներհայկական փառատոն չէ:
«Տարբեր մշակույթների, նույնիսկ կրոնների ներկայություն է, որոնք գալիս են տարբեր հանրություններից, գալիս են նոր տեսակի ընկալումներ, մոտեցումներ բերելու: Համամարդկային իմաստով դրանք տարբեր չեն այն բոլոր զգացումներից, մտածումներից, որ մենք ունենք: Հետևաբար՝ շատ կարևոր է նաև այդ լույսի տակ ինքներս մեզ տեսնելը, թե ինչպես է մարդկությունն ընդհանրապես ապրում՝ ինչ արժեքներով, ինչ զգացումներով և ինչպես է փորձում առաջ ընթանալ դեպի Աստված և դեպի իր սեփական ինքնություն»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կանցկացվի թե՛ Երևանում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, Երևանի տարբեր պուրակներում կանցկացվեն կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր: Փառատոնի վրանային կինոճամբարը կբացվի Հաղպատի, Սանահինի, Ախթալայի և Քոբայրի վանքերի տարածքում:
Մայրաքաղաքում և մարզային ճամբարներում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր: Լուսանկարիչներ Դմիտրի Բրիկմանը (Իսրայել) և Հայատո Մացումոտոն (Ճապոնիա) կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները, իրենց մասնագիտական հմտությունները: Վարպետության դասեր կանցկացնեն նաև կինոգործիչներ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա):
Փառատոնի ամենամյա հուշանվերները պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Այս տարի դրանք փոքրիկ խաչքարեր են, որ ստեղծվել են Ջուղայի խաչքարերի նմանությամբ։
Փառատոնն անցկացվում է «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը:
Սիրանուշ Հայրապետյան
- Hits: 10358