Home

 Գյումրիում հանդիսավոր   համերգով մեկնարկեց երաժիշտ կատարողների միջազգային «Վերածնունդ» փառատոնը:  Համերգի  ընթացքում ներկայացվեց  փառատոնի անցած ուղին: «Վերածնունդն»   առաջին տարում ընդամենը 5 երկրների մասնակիցների էր հյուրընկալել, իսկ այս տարի 19 անվանակարգերում ելույթ կունենան ավելի քան  35 պետություններից ժամանած բազմաթիվ երաժիշտներ:

 «Անչափ շատ եմ կարևորում «Վերածնունդ» փառատոնը, քանի որ արդեն իններորդ անգամ  այն կարողանում է Գյումրի բերել բազմաթիվ երաժիշտների, նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի իր հետ տանում է Հայաստանից մի մասնիկ` դառնալով մեր մշակույթի դեսպանը: Մեր աջակցությունն այս տարի փառատոնին ավելին էր ոչ միայն նրա համար, որ այն անցկացվում է Գյումրիում, այլև, որ իսկապես լուրջ արժեք է ներկայացնում մեր մշակութային կյանքում»,-նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` վստահեցնելով, որ այսուհետ առավել մեծ  աջակցություն է ցուցաբերվելու մարզերում իրականացվող ծրագրերին:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ արդեն մեկնարկել է  մի ծրագիր, ըստ որի` մշակութային բուհերի  այն շրջանավարտները, ովքեր պատրաստ են  վերադառնալ իրենց հայրենի քաղաք, գյուղ և ստեղծել մշակութային օջախներ, կստանան ֆինանսավորում:

 «Վերածնունդ» փառատոնի հանդիսավոր բացման միջոցառումների շրջանակներում Գյումրու արվեստների ակադեմիայի նախասրահում բացվեց ռուս հայտնի դաշնակահար Էմիլ Գիլելսի կիսանդրին: Կիսանդրին ռուս հայտնի քանդակագործ Գրիգորի Պատոցկու նվերն է Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին:

«Սա մեծ նվեր է մեր կոնսերվատորիայի համար բուհի կազմավորման 20-ամյակի առթիվ: Էմիլ Գիլելսը 20-րդ դարի հայտնի դաշնակահար է, և մենք շատ հպարտ ենք, որ հենց այս արվեստագետի կիսանդրին է ամեն օր «ողջունելու» մեր կոնսերվատորիայի ուսանողներին»,- կիսանդրու բացման ժամանակ նշեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը:

Փառատոնի շրջանակներում ավանդաբար անցկացվում է նաև «Մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով: Այս տարի այն նվիրված է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 գիտնականներ, արվեստաբաններ, երաժշտագետներ Հայաստանի և արտասահմանյան մի շարք  բուհերից և գիտական այլ հաստատություններից:

«Եթե Երևանում այսօր մենք ունենք երեք սիմֆոնիկ նվագախումբ, կամերային նվագախումբ, Գյումրիում ունենք սիմֆոնիկ նվագախումբ, մեզնից մեծ երկրներ կան, որ  նույնիսկ մեկ սիմֆոնիկ նվագախումբ չունեն: Եթե չլինեն նմանատիպ փառատոները, չխթանենք երաժշտական դպրոցների աշխատանքը, բնականաբար մենք կադրեր չենք ունենա, որպեսզի պահենք այդքան կոլեկտիվներ»,- ասաց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

Արդեն 9-րդ անգամ է Գյումրին հյուրընկալում  արտերկրից ժամանած  երաժիշտների, և ամեն անգամ   երաժիշտները դժգոհում են, որ չկան   բավարար պահանջներ ապահովող  երաժշտական գործիքներ, մասնավորապես՝  գերխնդիր է ռոյալի  հարցը: Ոչ  կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, ոչ էլ դրամատիկական թատրոնում եղած  ռոյալները  լավ վիճակում չեն:  Հաճախ  երաժիշտները  դժգոհ են մնում իրենց կատարումներից, ոմանք  նաև հրաժարվում  մենահամերգով հանդես գալուց: Այս հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ  ՀՀ Մշակույթի նախարարից, ով նշեց. «Երևանում էլ կա այդ խնդիրը: Շատ համերգասրահներում չկան ռոյալներ` պատշաճ  մակարդակով համերգներ կազմակերպելու համար: Ես չեմ ուզում վերադասել կամ ստորադասել Գյումրու և  Երևանի  խնդիրները, բայց մենք հիմա մտածում ենք այդ մասին, այդ հարցը քննարկել ենք   նույնիսկ նախագահի հետ: Լուծումներ նշմարվում են»:

                                                                                                                                                   
Անահիտ Հարությունյան
                                                                                                                                                                                                      Գյումրի
                                                                                                                                                                                                    
  • Hits: 10057

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: