Օգոստոսի 1-5-ը Աղվերանում կանցկացվի Համահայկական կրթական 7–րդ խորհրդաժողովը: Նախօրեին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Խորհրդաժողովին մասնակցում են արտերկրում հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ: Այս տարի մասնակցում է 24 երկրի 150 ներկայացուցիչ:

Վենետիկի Կաֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանն առաջին անգամ է մասնակցում կրթական խորհրդաժողովին: «Հայագիտության խնդիրները Եվրոպայի մակարդակով պետք է, որ նույնը լինեն: Հետաքրքիր կլինի խորհրդաժողովի ընթացքում խոսել խնդիրների, ինչպես նաև ձեռքբերումների մասին: Գուցե մեկիս խնդիրը մեկ ուրիշի մոտ արդեն լուծում է ստացել: Լավ կլինի, որ մեր փորձը կիսենք գործընկերների հետ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արդեն չորս տասնամյակ է, ինչ Կաֆոսկարի համալսարանում դասավանդվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկան: Սոնա Հարությունյանն առարկան ուսուցանելուն զուգահեռ պարբերաբար կազմակերպում է նաև մշակութային միջոցառումներ: Հարությունյանի ուսանողների մեծ մասը իտալացիներ են: «Այս պահին հայ ուսանողներ չունեմ: Ուսանողներս արևելագիտության ֆակուլտետում սովորող իտալացիներ են, որոնք մի լեզուն ընտրում են, օրինակ, արաբերեն, եբրայերեն, ճապոներեն, չինարեն, մյուսը` հայերեն: Առաջին դասին միշտ հարցնում եմ, թե ինչից ելնելով են ընտրել հայերենը: Երբեմն լինում են անձնական պատճառներ` մտերիմ են ունեցել, հանուն որի ուզում են հայերեն սովորել, բայց հիմնականում պատճառը լինում է մշակութային և լեզվաբանական»,- նշեց դասախոսը:

Սոնա Հարությունյանը բանասիրական գիտությունների դոկտոր է: Հեղինակել է «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» (ԵՊՀ հրատ., 2015թ.) գիրքը, որ դեռևս հասանելի է միայն հայերեն տարբերակով: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: «Թուրքերը, ադրբեջանցիները ձգտում են իրենց միջոցառումները կազմակերպել այն տեղերում և հենց այն օրերին, երբ տեղի են ունենում հայկական միջոցառումներ: Գրքիս շնորհանդեսը մեր համալսարանում էր: Նույն օրը մեկ հարկ ներքև ադրբեջանցիները մեծ մշակութային միջոցառում էին կազմակերպել: Մեր միջոցառումը ձախողելու փորձ էր, որը չհաջողվեց»,- պատմեց մեր զրուցակիցը:

Համահայկական կրթական խորհրդաժողովներն անց են կացվում երկամյա պարբերականությամբ: Դրանց նպատակն է քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովները կազմակերպում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: «Քննարկվելու են Սփյուռքում հայեցի կրթությանը` ինչպես ամենօրյա, այնպես էլ մեկօրյա դպրոցներին, առնչվող բոլոր հարցերը` սկսած ընտանիքից, ավարտած համայնքային ծրագրերով: Կարևոր է Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև կապի ամրապնդումը բարեկամ դպրոցների, ուսումնական այլ հաստատությունների տեսքով: Փորձելու ենք ստեղծել հնարավորություն, որ սփյուռքահայ երեխաների ստացած հայեցի կրթությունը հավաստագրվի, որպեսզի նրանք կարողանան թակել հայաստանյան բուհերի դռները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Պոդոլսկի կիրակնօրյա հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լալա Սողոմոնյանը ծրագրի շրջանակներում երկրորդ անգամ է հայրենիք գալիս: Մասնակցել է դեռևս 2004 թվականին կազմակերպված առաջին խորհրդաժողովին: «Ծանոթացա շատ ուսուցիչների, դասախոսների հետ, որոնց հետ մինչև հիմա կապի մեջ: Փորձի փոխանակումը, շփումն ուսուցիչների հետ շատ կարևոր է: Ես ունեմ իմ դասավանդման մեթոդը, բայց երբ շփվում ես այլ մասնագետների հետ, ինչ-որ նոր բան ես իմանում, մեկի աշխատաոճից մի բան դու ես վերցնում, մյուսը` քո աշխատաոճից, և այդպես շարունակ»,- ասում է նա:

Սողոմոնյանի խոսքով` շատ հայ ընտանիքներ Ռուսաստան տեղափոխվելուց հետո չեն ցանկանում, որ իրենց երեխան գնա հայկական դպրոց. «Մեզ մոտ գալիս են հիմնականում այն ընտանիքները, որոնք Հայաստանում վատ են ապրել, վիրավորված են գալիս: Երբ նրանց ասում ենք` եկեք հայկական դպրոց, ասում են` մեր ինչին է պետք, երեխաները հայերեն գիտեն: Խոսել իմանալը դեռ չի նշանակում, որ նրանք լավ հայերեն գիտեն: Պետք է զարգացնել, նոր բաներ սովորել: Նման ընտանիքների հետ աշխատում ենք: Մի քանի տարի մնում են ռուսական դպրոցում, չեն գալիս հայկական դպրոց, հետո տեսնում են` իրենց ընկերները գալիս են, պարում են, երգում են հայերեն, իրենք էլ են սկսում հաճախել»:

Աննա Կարապետյան
  • Hits: 10233

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: