«Հայուհիներ», «Սասունցի կանայք» և «Կուժերով հնդկուհիներ»․առաջին հայացքից տպավորություն է, որ այս երեք գեղանկարները միևնույն նկարչի աշխատանքը լինել չեն կարող, բայց դա միայն առաջին հայացքից։

Նկարիչ Սարգիս Խաչատուրյանը իր ստեղծագործական ճանապարհին կարողացել է անդրադառնալ ինչպես այսպես կոչված հայկական թեմաների, այնպես էլ հանդես գալ հնդկական ու պարսկական ընդօրինակումներով:

Արևմտյան Հայաստանի Մալաթիա նահանգում ծնված հայը ապրել և ստեղծագործել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, այնուհետև շրջագայել Կովկասում, այցելել հայրենիք։ Հայաստան գալուց հետո ստեղծած բնանկարները, Եղեռնի և գաղթականության թեմայով մոտ 500 գեղանկար ու գրաֆիկական աշխատանք ընդգրկվել են նկարչի՝ «Արմենիա» խորագիրը կրող ցուցահանդեսում։ Վերջինս 1920-ական թթ․-ին կազմակերպվել է մի շարք եվրոպական քաղաքներում, ինչից հետո նկարչին սկսել են կոչել «Հայոց վշտի երգիչ»։

Խաչատուրյանի 164 գեղանկար և գրաֆիկական ստեղծագործություն, որմնանկարի 69 ընդօրինակություն պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։  Օրերս պատկերասրահում բացվեց նկարչի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդես։

«Սարգիս Խաչատուրյանի նկարչությունն ինքնատիպ է։ Ամեն երկրի արվեստի ազդեցությունը կա, բայց միաժամանակ նա մնում է հայ նկարիչ։ Կոլորիստ էր։ Ասում էր, որ դա գալիս է Հայաստանից։

Երբ գալիս է Հայաստան, տեսնում է Արարատը, մեր բնությունը, ասում է՝ Հայաստանում չեմ ապրել, բայց կոլորիտի զգացումը ժառանգական է»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Գոհար Չեմենյանը։

Չեմենյանը ոչ միայն համակարգում է Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսը, այլև կազմել է նկարչի ստեղծագործությունների կատալոգը։

«Սփյուռքահայ նկարիչներին ցուցահանդեսից ցուցահանդես մեկ-երկու աշխատանքով ներկայացնում ենք։ Անհատական ցուցահանդեսով առաջինը ներկայացրի Արշակ Ֆեթվաճյանի ցուցահանդեսը, հիմա Սարգիս Խաչատուրյանի, հաջորդը Աշոտ Զորյանն է։

Ֆոնդապահոցում սփյուռքահայ նկարիչների ավելի քան 2000 կտավ ունենք։ Նպատակ ունեմ ներկայացնել դրանք անհատական ցուցահանդեսներով, որպեսզի  մեր երիտասարդ սերունդը տեսնի, թե ի հեճուկս ժամանակի, ծանր տարիների ինչպես են ապրել և ստեղծագործել այս հայերը»,- նշեց Չեմենյանը։

Գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների կողքին հետաքրքիր են նաև Սարգիս Խաչատուրյանի՝ հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակությունները։

5-12-րդ դարերի հնդկական որմնանկարներում կարող ենք տեսնել ժամանակի ամենահայտնի ժայռափոր ճարտարապետական համալիր Աջանտայի, ինչպես նաև Սիգիրիյա քաղաք-ամրոցի որմնանկարները։ Պարսկականների շարքում աչքի են ընկնում Սեֆևյան որմնանկարները։

1970 թվականին նկարչի կինը՝ Վավա Խաչատուրյանը պիտի այցելեր Իրան, լիներ այն պալատներում, որտեղ ընդօրինակություններ է արել նկարիչ ամուսինը, և տեսներ, որ իրական որմնանկարներից գրեթե ոչինչ չի մնացել։ Խաչատուրյանը որմնանկարներին երկրորդ կյանք է շնորհել։

Աննա Կարապետյան
  • Hits: 10109

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: