«Ընտանեկան նկար», «Ավանդական տաքսի» «Ժպիտներ Անիպեմզայում» և մի շարք այլ լուսանկարներ ընդգրկվել են «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում։

Ազգային գրադարանում ներկայացված ցուցահանդեսը «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված մրցույթի արդյունք է։ Ընտրված 40 բնապատկերներն ու տեղապատկերները պատմում են Երերույքի տաճարի ու Անիպեմզա գյուղի մասին։

«Ազատ մրցույթ է եղել։ Ցանկացած մարդ կարող էր  լուսանկար ուղարկել։ Մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ էին, ովքեր այցելել էին նշված վայրեր և սիրողական լուսանկարներ արել։ Շատ հետաքրքիր, ուշագրավ դրվագներ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներից Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի աշխատակից Գոհար Հովակիմյանը։

Ցուցահանդեսի բացմանը հայտարարվեցին լուսանկարչական մրցույթի հաղթողների անունները։ «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արտուշ Ավդալյանը, «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգում՝ Լիլիթ Դավթյանը։ «Հատուկ մրցանակ» շնորհվեց Արթին Մուրադյանին։ Մրցանակակիրներն արժանացան դրամական պարգևների:

«Երկուսը Անիպեմզայի բնակիչներ են։ Գյուղը նրանց աչքերով դիտելն ավելի հետաքրքիր էր։

Երերույքի հուշարձանն ինքնին այնքան գրավիչ է, որ շրջակայքում արված լուսանկարներից ոչ մեկի կողքով անտարբեր անցնել չես կարող»,- նշեց Գոհար Հովակիմյանը։

«Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների մի մասի հեղինակները  Միլանի պոլիտեխնիկական համալսարանից Հայաստան ժամանած երիտասարդ հնագետներն են։

Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը մարտի 16-ին Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը, որը «Եվրոպա Նոստրայի» անդամ է։

Աննա Կարապետյան
  • Hits: 10081

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: